Wednesday, April 27, 2011

«Ծաղկահավաք» Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում


 Ապրիլի 27-ին Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը իր գլխավոր գործընկեր Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ իրականացրեց Ծիծեռնակաբերդում հավաքված ծաղիկների հավաքումը և վերամշակումը:
Անցյալ տարի Հիմնադրամն առաջին անգամ առաջարկեց ապրիլի 24-ին անմեղ զոհերի հիշատակին նվիրաբերված ծաղիկների հավաքման եւ հետագա կիրառման այլընտրանքային, առավել օգտակար, խորհրդանշական ու բնապահպանական տարբերակ:
Միջոցառման շրջանակում անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվեցին եւ տեղափոխվեցին հուշարձանի հետնամաս, ցողուններն առանձնացվեցին ծաղկաթերթիկներից: Ցողուններից պատրաստվեց պարարտախառնուրդ` հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկի չորացված թերթիկները չորացվեցին և տարվա ընթացքում կօգտագործվեն Հիմնադրամի «Արեւորդի» էկո-ակումբների սաների կողմից թղթի վերամշակման եւ ձեռքով պատրաստված բացիկների ձեւավորման համար: Այդ թուղթն է օգտագործում նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հուշագրեր, շնորհակալագրեր եւ հրավիրատոմսեր պատրաստելու համար
Ծաղկահավաքին մասնակցեցին ինչպես անհատ կամավորներ, այնպես էլ տարբեր կազմակերպություններ ներկայացնող կամավորական խմբեր: Մասնավորապես, աշխատանքներին մասնակցեցին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աշխատակազմի ներկայացուցիչները, կամավորական խմբեր Երևանի պետական համալսարանից, Հայաստանում ամերիկյան համալսարանից, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցից, «Մակադամյան» հայ-կանադական ընկերությունից, «Հազարամյակի մարտահարավերներ Հայաստան» կազմակերպությունից:
Արդեն ավանդույթ դարձած միջոցառումն այս տարի մեկնարկեց առավոտյան ժամը 9:00-ին եւ շարունակվեց մինչ ժ. 20:00-ը: Ակցիայի պաշտոնական բացումը իրականացրին Հիմնադրամի Արևորդի էկո-ակումբի սաները «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» կազմակերպության սաների և «Փոքր Մհեր» կրթահամալիրի հայկազունիների հետ համատեղ:

No comments:

Post a Comment