Thursday, March 15, 2012


Ավտովրաերթ

Մարտի 14-ի գիշերը ժամը 2 :30ի սահմաններում Տիգրան Միտիչյանը Վոլկսվագեն Վենտո մակնիշի մեքենայով վանաձորի Աղայան փողոցով դեպի Հալաբյան ընթանալիս փողոցի թիվ 29 տան դիմաց վրաերթի է ենթարկել Գուրգեն Ջաղացպանյանին և Անդրանիկ Շախպազյանին: Վրաերթի հետևանքով 53 տարեկան Ջաղացպանյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 49 ամյա Անդրանիկ Շախպազյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիր:Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: բժիշկների կողմից նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Կատարվում են միջոցառումներ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով: ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեկան գործ: Վարորդը դեպքի վայրը չի լքել,. Այժմ հարցաքննվում է: Արդեն պարզվել է, որ Միտիչյանը վրաերթի ժամանակ ալկոհոլ օգտագործած չի չի եղել:
                                                                                             Լիլիթ Յոլչյան

Ինքնասպանություններ Լոռիում

Ինքնասպանության 2 դեպք է գրանցվել Լոռու մարզում: Մարտի 14ին, ժամը- 12ին մոտտվ Վանաձորի Տիգրան մեծ պողոտայի 17 շենքի նկուղում հայտաբերվել է նույն շենքի 31 բնակարանի բնակիչ 1928 թվականին ծնված Խորեն Բասմաջյանի դին` կախված վիճակում: Այս մասին ոստիկանությանը հայտնել է մահացածի հարսը՝ Նունե Բասմաջյանը: նրանք երկուսով էին ապրում, աղջիկներն ամուսնացած են, որդին գտնվում է Ռուսաստանի դաշնությունում: “Կատարվել է դեպքի վայրի զննություն: Դիակը ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: Դեպքի մնացած հանգամանքները պարզելու համար կատարվում են թե քննչական, թե օպերատիվ-հետախուզական աշխատանքներ” ,-ասում է Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Մհեր Հարությունյանը: Մեկ այլ դեպք էլ գրանցվել է լոռու մարզի Թումանյան համայնքում : 1 -ին թաղամասի 5-րդ փողոցի 10-րդ շենքի բնակիչ 1932 թվականին ծնված Հրանտ Ասատրյանը տնից ոչ հեռու, անասնագոմում առաստաղից պարանի միջոցով կախվելով ինքնասպան է եղել: Դեպքի առթիվ Ոստիկանության Թումանյանի բաժնում հարուցվել է քրեական գործ հանգամանքները ճշտվում են: երկու դեպքում էլ զոհերի կողմից թողած գրություն չի հայտնաբերվել:
                                                                                                                    Լիլիթ Յոլչյան

Tuesday, March 6, 2012

«Կարատի» և «Քարաբերդի» կռիվը Լեռնապատում-2

«Կարատի» և «Քարաբերդի» կռիվը Լեռնապատում-2

05 Մարտի 2012 - 11:41
 
Փետրվարի 17-ին գրել ենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է գործ ընդդեմ «Կառատ» ընկերության տնօրեն Սամվել Հարությունյանի:
http://www.haynews.am/hy/lernapat
2011 թվականի օգոստոսին նրան կալանավորել են` ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մեղադրանքով, հետո ազատ արձակել, բայց մեղադրանքը թողել անփոփոխ: Ըստ գործարարի, իրեն հալածում են Լեռնապատ համայնքում երկրորդ հանքավայրը շահագործելու պատճառով: «Ես փորձել եմ Լոռու մարզում բացել նոր հանքավայր, մինչև հիմա եղել է ընդամենը մեկը, որը շրջանում մոնոպոլ դեր է ունեցել: «Քարաբերդ» ընկերությունը ի դեմս ձեռնարկատեր Արտաշես Թումանյանի հասկանալով, որ երկրորդ հանքը իրեն մոնոպոլիայից կզրկի, կեղծիքների միջոցով կազմակերպել է հարկային ստուգումներ, թյուրիմացության մեջ գցել հարկային մարմնին, նպաստել քրեական գործի հարուցմանը և խանգարել երկրորդ հանքի բացմանը»,- ասում է Սամվել Հարությունյանը: 1997 թվականին «Կառատ» ընկերությունը հիմնադրած Սամվել Հարությունյանը մինչ այդ «Քարաբերդ» ընկերության տնօրենն է եղել և ասում է, որ իրեն աշխատանքից ազատել են, որ աշխատողներին ստիպեն կեղծ բացատրություններ տալ:
Դատարանը հարցաքննել է խառատ-բանվորներին, պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին:

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության ավագ օպերլիազոր Հովհաննես Գրիգորյանն ասել է, որ «Կարատ» ՍՊԸ-ում 2010 թվականի ապրիլի 6-ից մինչև մայիսի 20-ը կատարվել է ստուգում: Կազմվել է համապատասխան ակտ, հարուցվել է քրեական գործ: Բայց անպատասխան է մնում հարցը, թե ինչու Սամվել Հարությունյանը պետք է պատասխան տա 2010 թ-ի մայիս ամսվա չափագրումների համար, երբ նա աշխատանքից ազատվել է ապրիլ ամսին: Եվ ինչու 2010 թվականի չափագրումները հաշվի առնվելով քննվում է 2009 թ-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ապրանքաշրջանառությունը:
Դատաքննությունը շարունակվում է:

HayNews.am

Friday, March 2, 2012

Ապօրինի՞ ձեռնարկատիրական գործունեություն | Հետք online

Ապօրինի՞ ձեռնարկատիրական գործունեություն | Հետք online

Ապօրինի՞ ձեռնարկատիրական գործունեություն

Ադրինե Թորոսյան


12:01, 2 մարտի, 2012
Ամբաստանյալը պնդում է, որ ակտը գրել են՝ առանց համապատասխան փաստաթուղթն ուսումնասիրելու
Վանաձոր քաղաքի բնակիչ Սամվել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ մասով. նա մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մեջ:
Ըստ մեղադրանքի` Սամվել Հարությունյանը, որպես «Կարատ» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ստացել է ուսումնասիրության լիցենզիա և պայմանագրի հիման վրա իրավունք է ձեռք բերել Լեռնապատ համայնքի տարածքում գտնվող հանքավայրից իրականացնելու 500 մ3 անդեզիտաբազալտների և գրանիտոիդների փորձնական հանույթ:
Սակայն խախտելով ուսումնասիրման լիցենզիայի պայմանագրի, ինչպես նաև «Ընդերքի մասին» ՀՀ օրենսդրության և «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի պահանջները, առանց հատուկ թույլտվության՝ 2010թ. ընթացքում նշված հանքավայրից իրականացրել է 8720 մ3 ապարների, ինչպես նաև 4200 մ3 կավավազի և կավախճի հանույթ: Արդյունահանված ապարները տեղափոխել է «Քարաբերդ» ՍՊԸ-ի տարածքում գործող աղաց, վերամշակել և ստացված խիճը իրացրել է տարբեր ընկերությունների:
Գործը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել է դատարան: Այժմ դատաքննության փուլում է:
Դատավարության ընթացքում գործով վկա Կարապետ Սերյոգինը ցուցմունք տվեց այն մասին, որ երկրաշարժից հետո աշխատում է Լեռնապատի քարհանքում, որը, հավանաբար, «Քարաբերդ» ՍՊԸ-ին է պատկանում: Ինքը «Քարաբերդից» է աշխատավարձ ստացել: Քար ջարդող բանվոր է, ջարդող-տեսակավորող սարքի (դրաբիլկայի) վրա է աշխատում: Սամվել Հարությունյանին ճանաչում է որպես տնօրեն: Որպես հանքի վարիչ մատնանշեց Մանվել Հովհաննիսյանին: Նոր` «Կարատ» հանքի մասին ասաց, որ շուտվանից է եղել, Սամվել Հարությունյանը վերաբացել է այն, թե երբ, կոնկրետ չի հիշում: Ցուցմունք տվեց, որ նոր հանքում պայթեցումներ են եղել:
«Հա, դե, պայթեցում եղել ա: Ես մասնակից չեմ եղել, քանի որ մենք ընդեղան հեռու ենք գնացել, որ մեզ բան չըլնի: Տեսել ենք, տենց: Ես պայթեցմանը չեմ մասնակցել»,- ասաց վկան: Նա հաստատեց, որ վերաբացված «Կարատի» հանքից հանույթը բերվել է «Քարաբերդի» տարածքում գործող աղացը, որտեղ աղացվել է:
«Որ ասեմ, չի էկել, սուտ կըլնի, էկել ա: Մեխանիզմը աշխատել ա: Հումքն էլ թափած ա ընդեղ, հանել են, թափել: Աղացել ենք էդ հումքը, ուղղակի չեմ կարա մետրով ասեմ`օրվա մեջ ինչքան են ընդիան աղացել, կամ որ վախտ ա էկել: Էղել ա`չի աղացվել, բայց մեկ էլ ընդեղան էդ ձևի ապրանք ա էկել, էդ գույնի ապրանք»,-ցուցմունք տվեց բանվորը:
Նա նշեց, որ երկու հանքից էլ՝ և «Սարալից», և «Կարատից», հանույթը բերվել է միևնույն աղաց: Ասաց, որ պայթեցումներ ավելի շատ եղել են «Սարալի» հանքում: Հարցին` ո՞ւր էր տեղափոխվում նոր` «Կարատից» հանված հանույթը, պատասխանեց. «Տակին մնացել ա, մեքենան բերել ա, լցրել դրաբիլկի մեջ կամ ընդեղ վերևում տեղ ա էղել»:
Ասաց, որ նոր հանքից բերված հանույթի չափերը չի կարող հիշել: «Քարը բերում են լցնում մեխանիզմի մեջ, աղում: Շիբին ու ավազ են ստանում: Չափերը բան չեմ հիշում: Երեք կողմից էլ եկել ա, 3 էքսկավատոր ենք ունեցել աշխատող, 3 տեղից էկել ա. պահ ա էղել, մեխանիզմը կանգնած ա էղել, չի էկել, էն մեկից ա էկել, որ գիդենայի, կդնեի կհաշվեի: Բայց, դե, աղացել եմ, ուղղակի չեմ կարա հըմի հիշեմ»:
Սամվել Հարությունյանը և նրա պաշտպանը պնդեցին, որ վկան ցուցմունք տա, թե որքան հումք է աղացվել միայն «Կարատի» հանքից: Վկան չպատասխանեց այդ հարցին: Սամվել Հարությունյանը նկատեց, որ հարցաքննվողը միակ գործարքային աշխատողն է և վարձատրվել է ըստ իր կատարած աշխատանքի, ուստի`ամեն օր հաշվել է հանքից կատարված փոխադրումները, աղացած հումքի չափը: Իր հաշվարկած տվյալները նա ամեն օր ճշտել է հանքի վարիչի հետ, գրանցել է և ներկայացրել է գրասենյակ:
Իսկ կանխիկ կամ «լեվի» փող բանվորը չի ստացել: Կարապետ Սերյոգինը հաստատեց ասվածը: Պաշտպանական կողմը շարունակեց պնդել, որ վկան նշի հանքից բերված և աղացված հումքի քանակը: Վկան այդպես էլ չպատասխանեց հարցին:
Պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը, ըստ որի` 2009-ի հոկտեմբերից մինչև դեկտեմբեր ամսվա սկզբները շահագործվել է նոր հանքավայրը, որը գտնվում է հիմնական հանքավայրից մոտ 300-400 մետր հեռավորության վրա: Նոր հանքից բերված հումքը տեղափոխվել է «Քարաբերդի» դրաբիլկա, որտեղ Կարապետ Սերյոգինը դրաբիլկայի միջոցով մշակել է այն`ստանալով խիճ և ավազ:
Ըստ նախաքննական ցուցմունքի` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մոտավոր հաշվարկով նոր հանքից «Քարաբերդի» դրաբիլկա է տեղափոխվել մոտ 2000-ական մետր խորանարդ հումք, իսկ դեկտեմբերին, քանի որ հստակ չի հիշել, թե քանի օր է աշխատել, ուստի հստակ ցուցմունք չի տվել՝ որքան հումք է տեղափոխվել դրաբիլկա: Այդ ժամանակահատվածում ընկերության տնօրենն է եղել Սամվել Հարությունյանը:
Վկան ցուցմունք էր տվել, որ իր նախնական պատկերացմամբ` հին և նոր հանքավայրերը պատկանել են «Քարաբերդ» ՍՊԸ-ին: Հետագայում է իմացել, որ նոր օգտագործվող հանքը պատկանել է այլ կազմակերպության` «Կարատին»: Թե ում է իրացվել պատրաստի արտադրանքը, չի իմացել:
Նշել է, որ այն տեղափոխվել է տարբեր տեսակի բեռնատար ավտոմեքենաներով Սպիտակ, Ախուրյան, Կիրովական և այլ վայրեր:
Կարապետ Սերյոգինն ամբողջությամն ընդունեց իր նախաքննական ցուցմունքը: Ավելացրեց միայն, որ աղացած քարերի մեջ մեծ քարեր, այսինքն` «բլոգ», չի եղել: «Էդ հանքում բլոգ գոյություն չի ունեցել: Բարձել բերել են, մի քիչ փոքրացրել ենք»,- նշեց վկան:
Սամվել Հարությունյանի պաշտպանը հայտարարություն արեց, որ մեղադրական եզրակացության մեջ վկայի նախաքննական ցուցմունքի նշված փաստը, թե արտադրանք է տեղափոխվել 2000 մ3-ի չափով, բացակայում է: Իսկ պաշտպանական կողմը կարևորում է այդ փաստը, քանի որ վկան միակ գործարքային աշխատողն է և անմիջապես ինքն էլ աշխատեցրել ջարդող-տեսակավորող սարքը, ուստի չափազանց կարևոր է նրա ցուցմունքի մեջ նշված հիշյալ տվյալը:
Գործով վկա Սարգիս Հակոբյանը ցուցմունք տվեց այն մասին, որ 1 տարի որպես բանվոր, քարհատ աշխատել է Սամվել Հարությունյանի «հիմնարկում»` «Սարալի» հանքում: Նա նույնպես Սամվել Հարությունյանին մատնանշեց որպես ընկերության  տնօրեն, ով շահագործում էր հանքը. «Հիմնական տնօրենն ուրիշ մարդ չի եղել, պարոն Հարությունյանն ա եղել ընդեղի և նոր հանքի (տնօրենը)»:
Նախորդ վկայի պես նա էլ ցուցմունք տվեց, որ սկզբում չի իմացել նոր հանքի մասին: «Իմ պատկերացումով դա նույն հանքն ա: Մոտիկ հանք կար, բայց չգիտեինք, որ ուրիշ ա, ինչ ա կոչվում: Ես դրանից տեղյակ չէի` ուրիշ հանք էր, թե ինչ»:
Նշեց նաև, որ աշխատանքի է ընդունվել հանքի վարիչ Մանվել Հովհաննիսյանի կողմից և աշխատել է նրա ենթակայությամբ: Նույնպես ցուցմունք տվեց, որ նոր հանքում պայթեցումներ են եղել: Ինքն անձամբ մասնակցել է երկու պայթեցման. «Լիցքավորում էի անում ու ծածկում էի: Ընդամենը անցքերը ծածկել եմ ու գնացել տուն: Մեզ չէին թողնում պայթեցումների ժամանակ, տուն էին ուղարկում աշխատանքից հետո, որ վտանգ չլիներ»:
Վկան նշեց, որ պայթեցումներին ներկա են եղել Մանվել Հովհաննիսյանն ու Սամվել Հարությունյանը: Ասաց, որ ավելի շատ աշխատողներ, մեխանիզմներ հին հանքում են եղել: Հարցերի միջոցով պարզվեց, որ նոր հանքում պայթեցման աշխատանքներից բացի ինքն ամեն օր աշխատել է հին` «Սարալի» հանքում: Բայց հարցին`քանի՞ պայթեցում է եղել «Սարալում» նույն ժամանակահատվածում, չպատասխանեց:
«Հին հանքում ոչ թե չեմ տեսել, լսել եմ, բայց չեմ մասնակցել»,- ասաց նա: Չպատասխանեց նաև, թե հումքը ինչ միջոցներով և ուր է տեղափոխվել:
Ցուցմունք տվեց Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության ավագ օպերլիազոր Հովհաննես Գրիգորյանը: Ասաց, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարագրի հիման վրա «Կարատ» ՍՊԸ-ում 2010 թվականի ապրիլի 6-ից մինչև մայիսի 20-ը կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության և հարկային մարմինների կողմից վերահսկող օրենսդրության առանձին բաժինների կատարման ճշտության ստուգում: Կազմվել է համապատասխան ակտ, հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում քննիչը գործողություններ է իրականացրել և ՊԵԿ-ին է տրամադրել «ապացուցված փաստեր», որի արդյունքում նրա գրություններով նշանակվել է վերստուգում: Արդյունքում կազմվել է վերստուգման ակտ: Ըստ վկայի`քննիչի կողմից «ապացուցված» 6 միլիոնի իրացման փաստն է հիմք դարձել վերստուգման ակտը կազմելու համար:
Պաշտպանը, սակայն, նկատեց, որ նախաքննության ընթացքում ոչինչ չի «ապացուցվում», ընդամենը նյութեր են նախապատրաստվում:
Վկային հարց ուղղվեց, թե ինչու է ՊԵԿ-ը հիմք ընդունել գործում առկա երկու փորձագիտական եզրակացություններից միայն մեկը, այն դեպքում, երբ ՊԵԿ-ի կողմից «անտեսված» եզրակացության մեջ վերաբացված հանքից «հանված և վաճառված» հանույթի վերաբերյալ ֆիքսված թիվը պակաս է մյուս եզրակացության մեջ նշված թվից: Վկան պարզաբանեց, որ հիմք են ընդունվել քննիչի տրամադրած վերջին եզրակացության արդյունքները:
Ինչ վերաբերում է վկայի ներկայացրած` հանույթի վերաբերյալ կոնկրետ թվական փաստերին, նա առաջարկեց դրանց հետ կապված հարցերն ուղղել կոնկրետ մասնագետների: Ասաց, որ իրացման ծավալների վերաբերյալ տվյալները մասնագետներն են տրամադրել:
Սամվել Հարությունյանի հարցրեց, թե ինչով է համոզված, որ «Կարատի» վերաբերյալ կազմված փաստաթուղթը հենց իր տարածքին է վերաբերում. «Ով է տեսել, որ երկրաբանական չափումներն առանց կոորդինատները նշելու արվեն»:
«Եթե Ձեր կողմից տրամադրված լիներ հաշիվ-ֆակտուրա, որը իրացման ծավալի հավաստի փաստաթուղթ է, ինչպե՞ս կվարվեիք»,- հարցին հարցով պատասխանեց վկան:
«Առանց փաստաթուղթը ուսումնասիրելու, առանց համոզվելու`փաստաթուղթը «Կարատի՞ն» է վերաբերում, թե՞ ոչ, ակտ եք գրում»,- եզրակացրեց ամբաստանյալ Սամվել Հարությունյանը: