Friday, January 22, 2021

Առնո Բաբաջանյան -100



Այսօր լրանում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը։Գրադարանի ակտիվը (գրադարանավար Մարինե Գևորգյանի նախաձեռնությամբ)կազմակերպել էր փոքրիկ ցերեկույթ նվիրված մեծանուն կոմպոզիտորին.։

Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականին: Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ 1938 թվականին մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում է Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվում է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ ( Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան) ։ Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։ Դրանից հետո, 1929-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում։ Այնուհետև, 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։ 1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ։
Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) և դաշնամուրային տրիոյում (1952)։ Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին։ Կոմպոզիտորը մեծ հեղինակություն է վայելել և համագործակցել է պոետ Ռոբերտ Ռոժդեստվենսկիի և եչգիչ Մուսլիմ Մագոմայևի հետ։ «Առաջին սիրո երգը» և «Երևան»- ը համարվում են որպես հիմն հարազատ քաղաքի։
Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում:

Ֆենոմեն էր նաև Ա. Բաբաջանյանի կինոերաժշտությունը. կինոֆիլմերի համար գրված երգերն անջատվում էին ֆիլմերից, թարգմանվում և ապրում իրենց ինքնուրույն կյանքով: «Առաջին սիրո երգը» ֆիլմից (1951) «Երգ առաջին սիրո», «Սիրո երգ» և «Իմ Երևան» երգերն անմիջապես հանրահայտ դարձան: Իսկ «Սերենադը» (Երևանի սիրուն աղջիկ) վաղուց արդեն դարձել է «ժողովրդական», և քչերին է հայտնի, որ այդ երգի հեղինակը Բաբաջանյանն է:
Ծանրակշիռ էր կոմպոզիտորի ներդրումը գործիքային ջազի, երաժշտական-թատերական ժանրերի բնագավառում ևս: Երգերով ու կինոերաժշտությամբ Ա. Բաբաջանյանը մեծապես նպաստեց խորհրդային և հայկական էստրադային երաժշտության զարգացմանը: «Որն է Ձեր ամենասիրելի երգը» հարցին Ա. Բաբաջանյանը պատասխանել է. «Այն դեռևս չեմ գրել»: Այդպես էլ 1983 թ. նոյեմբերի 11-ին հեռացավ կյանքից երգի անզուգական վարպետը` դեռևս չստեղծած իր ամենասիրելի երգը: Սակայն նրա երգերը սիրեց ու երգեց ժողովուրդը. երգեց հայերեն ու ռուսերեն, Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ, Մոսկվայից՝ Երևան… Նրա երգերը կատարեցին խորհրդային և ռուսական էստրադային երաժշտության աստղերը, ռուսական ժողովրդական երգի վարպետները, օպերային երգիչները… Իսկ «Ազգ փառապանծը» Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ հնչում է և կհնչի որպես հայ ժողովրդի հավերժության ձոն»,- կոմպոզիտորի 90-ամյակին գրել է արվեստագիտության դոկտոր Ա.Գ. Ասատրյանը։

Ստեղծագործությունը պետք է միշտ հուզի ունկնդրին: Երաժշտության ճշմարտայնության առաջին անհրաժեշտ պայմանը և չափանիշը հուզականությունն է: Այն պետք է հուզի քեզ, ցնցի, մտնի սիրտդ և ոչ թե զարմացնի»,- ասել է Առնո Բաբաջանյանը:
Այս խոսքերը բնորոշ են նրա բոլոր ստեղծագործություններին:

Նյութը վերցրված է Վանաձորի քսան դպրոց
  ֆբ էջից





No comments:

Post a Comment