Saturday, March 12, 2011

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԿԱՐԵՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԵԿԵՂԵՑԻ ԿԿԱՌՈՒՑԻ



   Լոռու մարզի Լերմոնտովո համայնքն իր առջև ծառացած մի
շարք խնդիրներ ունի: Դրանք համայնքի բնակիչները որոշել էին ներկայացնել իրենց ընտրատարածքի պատգամավոր Կարեն Սարիբեկյանին` հստակ համոզմամբ, որ եթե ոչ բոլորն, ապա որոշ մասը գոնե լուծում կստանան: Պատգամավորի հետ հանդիպման սկզբում գյուղի կանայք նախ երախտիքի խոսքեր հղեցին Կ. Սարիբեկյանին` այս անգամ ևս կանանց տոնին իրենց չանտեսելու համար, ապա և բարձրացվեցին հուզող հարցերը: Դրանցից գլխավորը վերաբերում էր 142 աշակերտ ունեցող դպրոցի թիթեղապատ կաթսայատան բարեկարգման խնդրին, որի համար ստացան պատգամավորի աջակցության խոստումը: Կ. Սարիբեկյանը խոստացավ նաև լուծել դասասենյակների և ուսուցչանոցի համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման հարցը: Լերմոնտովոյի բնակիչները մտահոգված էին նաև գյուղամիջյան ճանապարհի բարեկարգմամբ, որի համար պատրաստ են համայնքի կողմից կատարել 15 միլիոն դրամի ներդրում: Հանդիպմանը ներկա էր Անտառաշեն համայնքի ղեկավար Վլադիմիր Ասլանյանը, ով չափազանց կարևորեց իրենց գյուղի թվով 27 դպրոցականների համար տրանսպորտային միջոցի տրամադրման հարցը, որոնք հաճախում են Լերմոնտովոյի դպրոց: Վերջինս խոսեց նաև շուրջ 2 կմ փտած ջրագիծը նորով փոխարինելու մասին, ինչից կախված է 2 գյուղերի ջրամատակարարումը:

  Պատգամավորը եղավ Մարգահովիտ համայնքում ևս, որտեղ չափազանց հաճախ կատարած այցերի հետևանքով գլոբալ խնդիրներ գրեթե չկան: Միակ հարցը դպրոցի մարզադահլիճի հատակի վերանորոգումն էր, ինչը և Կ. Սարիբեկյանը խոստացավ կյանքի կոչել: 
  Հաջորդ կանգառը Շահումյանն էր, ուր առկա էին դպրոցի մարզադահլիճի ջեռուցման, յուրաքանչյուր գարնան ձնհալի հետևանքով առաջացող հեղեղների և մի շարք այլ հարցեր: Գյուղատնտեսությանը վերաբերող հարցերը շահումյանցիները ցանկություն հայտնեցին ուղղելու հենց նախարարության ներկայացուցչին: Համայնքում նախատեսվում է նաև եկեղեցաշինություն, որի կառուցմանը պատգամավորը խոստացավ օգնել` պայմանով, որ գյուղի տղամարդիկ ֆիզիկապես կաջակցեն շինարարական աշխատանքներին:
  Վերջին այցելությունը Սարիբեկյանը կատարեց Գուգարք համայնք, ուր մտահոգիչ հարցեր բարձրացնելու փոխարեն գյուղացիները վերջինիս դիմեցին շնորհակալական խոսքերով: Այնուամենայնիվ Գուգարքում անհանգստացնող հարցեր էլ կային, մասնավորապես` կրթությանը վերաբերող: Դպրոցներին կից աղանդավորական շինությունների կառուցմամբ մտահոգված ծնողներն առաջարկեցին պատգամավորին հարցը բարձրացնել կառավարության առջև: Ի պատասխան` Կ. Սարիբեկյանը խոստացավ հաջորդ անգամ գյուղ այցելել անձամբ Կրթության և գիտության նախարարի հետ:

No comments:

Post a Comment