Monday, March 21, 2011

Եւս հինգը` դարձավ քրիստոնյա

2009թ., երբ Վանաձորի "Տաթև" պարային համույթի շնորհաշատ սաները, ուղեկցությամբ համույթի գեղ. ղեկավար Ֆլորա Ասոյանի, շրջագայության էին մեկնել Պոլիս, հանդիպել և ծանոթացել էին Պոլսո Պատրիարքարանի փոխառաջնորդ, Ընդհանուր Միության փոխանորդ, Գերաշնորհ Տեր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ, ուր նա մտերմիկ զրույցի ժամանակ հետաքրքրվել էր, թե խմբում կան արդյոք մկրտություն չստացած երեխաներ:  Տեղեկանալով, որ 17 սաներից 13-ը մկրտված չեն, նա անմիջապես հոգևոր դասին հանձնարարում է պատրաստվել մկրտության արարողությանը: Այստեղից էլ սկսվում է բարեկամությունը Սրբազան  Հոր և "Տաթև" համույթի միջև:  << Ինտերկապ >>  ԲՀԿ  էլ, որ հայոց հարցի և եղեռնի խնդիրն  ի լուր աշխարհի խաչքարերով  տեղադրելով և բարեկամական այցերով է կազմակերպւմ, իր ներդրումն ունեցավ պատմական հայրենիքում  նոր բարեկամության հիմքի:

2010թ. օգոստոսին պատրիարքի հրավերով  պարի խումբը տասն օրով հյուրախաղերի է մեկնում Պոլիս, որտեղ Սրբազան Հայրը խաչքավոր է դառնում ևս չորս սաների: Իսկ ահա 2011-ին նա անձամբ էր եկել Հայաստան: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր դասի ժողովներին մասնակցելուց հետո նա անմիջապես ցանկություն հայտնեց տեսնելու սանիկներին, որոնք էլ մեծ սիրով Վանաձորի կազմակերպեցին կնքահոր ընդունելությունը: Ջերմ ու անմիջական մթնորոտում շփման ընթացքում հնչեցին սրտառուչ մաղթանքներ, փոխադարձ կարոտի և հարատև բարեկամության խոսքեր: Սանիկները սիրելի կնքահորը նվիրեցին գեղեցիկ աշտանակներ: Սրբազան Հոր համար նվեր էին պատրաստել նաև "Տաթև" համույթը և "Ինտերկապ" բարեգործական կազմակերպությունը: Իրենց հեզանազ պարերով տաթևցիներն արդեն որերորդ անգամ արժանացան Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հիացմունքին: Հանդիպման հաջորդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում Սրբազան Հայրը մկրտության խաչքավորը դարձավ համույթի ևս երկու սաների, երկու լրագրողների և մեկ փոքրիկ աղջնակի: Վերջիններս մկրտվեցին ձեռամբ Տեր Հովնան վարդապետ Հակոբյանի` ազատվելով ադամական մեղքից, վերածնվելով եկեղեցու Սուրբ Ավազանից և դառնալով Աստծո որդեգիրները:




No comments:

Post a Comment