Sunday, April 2, 2023

 Մեր սիրուն տղա...

Արթուրը ծնվել է 2003-թ-ի մայիսի 25-ին Վանաձորում։


Փոքր ժամանակ նա շատ խելոք է եղել, ոչ մի նեղություն չի տվել մեզ։ Արթուրը հաճախել է Վանաձորի թիվ 2 հիմնական
դպրոց, այնուհետև ուսումը շարունակել է Վանաձորի Արհեստագործական ուսումնարան-ում, խոհարարություն բաժնում։ Դպրոցում այդքան էլ լավ չի սովորել, բայց եղել էաշխատասեր և ընկերասեր։ Արթուրը միշտ իր ընկերների կողքին է եղել նրանց նեղ պահերին։ Արթուրը զբաղվել է նաև սպորտով։ Սիրում էր լողը, զբաղվում էր լողով, ըմբշամարտով։ 2021 թ-ի հուլիսի 25-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Գորիսի Զանգերում, հետո Խնձորեսկում, հետո նորից Զանգերում։ Դեռ 2 ամսվա ծառայող էր արդեն դիրքեր էին տանում։ Շատ գոհ է եղել ծառայությունից, ոչ մի անգամ չի բողոքել, չի տրտնջացել, ինչքան հարցնում էինք ասում էր մամ ջան ես լավ եմ ինձ ինչա եղել որ, դուք ձեզ լավ նայեք։ Ասում էինք Արթուր ջան որ դու լավ լինես մենք էլ լավ կլինենք։ Ու միշտ ամսով դիրքեր էին պահում, չգիտենք ինչ պայմաններում, չէր բողոքում։ Մի անգամ հերթական տագնապով հանել էին երեխեքին, դիրքերից իջեցրել էին զինել ու տարել, երբ հետը խոսում էի լացելով, ասում էր մամ ջան մի լացի ամեն ինչ լավ կլինի, մի լացի արևս։ Ու այդպես անցավ 1 տարի 2 ամիս։ Եվ այդ չարաբաստիկ կռիվը.... Նոր էր իջել դիրքերից, երբ սեպտեմբերի 10-ի երեկոյան զանգեց հորը և ասեց. պապ ջան մեզ տագնապով հանում են վերև, կռիվա լինելու, մամային ու Լուսինեին(քույրը) բան չասես երկար չեմ կարա խոսամ զարյադկա չունեմ ուրիշի հեռախոսով կզանգեմ։ Հետո առավոտը զանգել էր բա պապ ջան կարաս քարտիս մի քիչ փող ուղարկես սիգարետ առնենք, որ տագնապով եկել ենք չենք առել։ Հայրը ուղարկել էր գումարը ասելով որ հարց չկա տղա ջան։ Այդ է եղել վերջին զանգը Արթուրի ու այդպես էլ չկարողացանք խոսել Արթուրիս հետ։ 9 օր հետո կարմիր խաչը 95 հոգու դուրս բերեց, իմ տղան նրանց մեջ էր։ Զոհվել է Իշխանասարի դիրքերը պաշտպանելիս, չի նահանջել, արիաբար կանգնել է իր հրամանատարի ու ընկերների կողքին, հրամանատարի հետ էլ կողք կողքի ընկած են եղել մարտի դաշտում

No comments:

Post a Comment