Tuesday, February 9, 2021


Դավիթ Արամի Մոսոյան

 
 ծնվել է Վանաձորում 2001 թ.-ի Օգոստոսի 28-ին
Անմահացավ 2020 թ հոկտեմբերի 13-ին






Մեր Դավիթն է, լույսի կտոր, արևի մի մասնիկ...





Դավիթը ծնվել է Վանաձորում 2001 թ.-ի Օգոստոսի 28-ին: 
Սովորել է Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև ավարտել Վանաձորի 11 ավագ դպրոցը: Մանկուց շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ, 10 տարեկանից խաղացել է Լոռվա «ՎՖԴ» ՖԱ-ում ապա տեղափոխվել «Լոռի» ՖԱ: Սովորել է ՎՊՀ ֆիզկ. բաժնում ընդամենը մեկ կիսամյակ: 
 2020 թ.-ի հունվարի 12-ից ծառայում էր ԱՀ-ի Հադրութ քաղաքում:


Ինչպես պատմում են Դավիթի հարազատներն ու ընկերները, նա չափազանց մեծահոգի ու ազնիվ էր, իսկ նրա կորստի լուրը խորագին ցավով է ընդունել ամեն նրան ճանաչող մարդ: Մինչ պատերազն սկսելը Դավիթն արդեն գտնվելիս է լինում դիրքերում իր ծառայակից ընկերների հետ: Իսկ պատերազմի օրերի ընթացքում ոչինչ չի պատմում ծնողներին, հակառակը ամեն զանգի հետ ասում է, որ ամեն բան լավ է, նրանք ապահով են և պետք չէ անհանգստանալ: Սակայն արդեն հետո պարզվել է, որ նրանք գտնվում էին մարտի ամենաթեժ գոտում: Հոկտեմբերի 2-ին Դավիթի հայրը մեկնում է Հադրութ՝ որդուն տեսնելու և նրա կողքը լինելու համար, սակայն թեժ մարտերի ժամանակ դա ուղղակի անհնար է լինում և հանդիպումն այդպես էլ չի կայանում:




Հոկտեմբերի 7-ին զանգահարում է տատիկին, խոսում հետը, խնդրում, որ իրենց լավ նայեն՝ չհիվանդանան, հետո խնդրում է, որ պապիկին փոխանցի հեռախոսը, պապիկը պատմում է, որ այնքան հուզված էր, որ չէր ցանկանում խոսել, բայց Դավիթը խնդրում է, որ անպայման վերցնի: Տատիկը պատմում է. «հիմա եմ հասկանում, որ երեխեն երևի մի բան զգում էր, որ կարողա էլ չկարողանա խոսի մեր հետ, դրա համար ամեն գնով զանգել էր ու մի տեսակ ոնց որ վերջնագրով խոսեր»: Իսկ մայրիկի հետ վերջին հեռախոսազանգի ընթացքում խնդրել է, որ նա անպայման խոստանա, որ իրեն լավ է նայելու: Դավիթի մայրը պատմում է. «մինչև չասեցի խոստանում եմ, չանջատեց հեռախոսը»:

Իսկ հոկտեմբերի 9-ին լուր հասավ, որ իրենց պոստը սնարյադով պայթեցրել են, 12-ից 11-ը տեղում մահացել են, Մոսոյան Դավիթի անունն էլ մեջը կա: Տիգրանը՝ Դավիթի ծառայակից ընկերը, զանգահարել է Դավիթի հորն ու ասել, որ. «մեքենայի հետևից թաքուն գնացել եմ, որով որ մարմիններն են տեխափոխում, տանում են Գորիս, ասում են Դավոն էլ ա մեջը: Ինձ բռնել են հետ են ուղարկել, իմացեք Դավոն Գորիսում ա»: Եվ այդպես կապը կորել է Տիգրանի հետ և ուղիղ 4 օր ընտանիքը անհույս փնտրում էր Դավիթին: Գորիսում ասում էին, որ չկա, Երևան, Սևան, Հոկտեմբերյան… Քանի որ մարտերի ժամանակ անձրևի տակ թրջված են եղել և ստիպված է եղել բուշլաթը փոխել, անձնագիրն ու զինգրքույկը մոտը չեն գտել, այդ պատճառով էլ «անճանաչելիների» ցուցակում է եղել: Ցավոք, հոկտեմբերի 13-ին Դավիթին հայրը գտնում է Գորիսում...


Երկու օր առաջ, հունվարի 12-ին կլրանար Դավիթի ծառայութրան 1 տարին, Դավիթն անհամբեր այդ օրվան էր սպասում..

  Կյանքդ զոհեցիր հանուն կյանքի...
Խաչ դարձար գավթում վանքի,
Քո հավատքն ուժեղ էր թշնամուց...
Մահն էր սարսափում քո քաջ ոգուց
Կյանքդ զոհեցիր հանուն մեր կյանքի...



Փառք ու պատիվ Քեզ,
 մեր Դավիթ, 
մեր անմա'հ հերոս


1 comment: