Wednesday, March 18, 2015

Տեղադրվել է հուշատախտակ` ի հիշատակ Պերճ Սողոյանի




Ապրեց ու ծառայեց հայրենիքին. այսպես կարելի է ներկայացնել Պերճ Թադևոսի Սողոյան Հայրենական Մեծ պատերազմի վետերանին, ՀՀ ոստիկանության պաշտոնաթող գնդապետին: Պերճ Սողոյանը մարտի 15-ին կդարնար 90 տարեկան: Քաղաքի սրտում` Հայքի հրապարակում, Խորենացի 10 հասցեում, այն շենքի դիմապատին, որտեղ ապրել է հայրենական պատերազմի վետերանը, տեղադրվեց հուշատախտակ: Քաղաքի սրտում տեղադրվել է բոլորիս սրտերում միշտ անմահ մեծ հայրենասերին նվիրված հուշատախտակ: Պերճ Սողոյանը պատերազմի ընթացքում երկու անգամ վիրավորվել է, բայց ապրեց ու ծառայեց հայրենիքին, պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և շքանշաններով: Հուշատախտակի բացման արարողությանը ներկա էին մարդիկ , որոնց բախտ է վիճակվել ճանաչել Պերճ Սողոյանին, լինել նրա ընկերը, գործընկերը: Ներկա էին պետական այրեր, ուժային կառույցների ղեկավար-աշխատակիցներ, մտավորականներ: Ներկա են նաև Պերճ Սողոյանի բարի գործը շարունակողները` հարազատները, որոնցից շատերը օտար ափերից վերադարձել էին հայրենիք` հուշատախտակի բացման արարողությանը մասնակցելու համար, և մարդիկ, ովքեր լսել է նրա գործունեության մասին: Պերճ Թադևոսի Սողոյանի կյանքն ու գործունեությունը ներկայացրեց ՀՀ ոստիկանության ԼՄ վարչության պետի օգնական, ոստիկանութան վետերանների խորհրդի նախագահ, ոստիկանության գնդապետ Սպարտակ Պետրոսյանը




Պերճ Սողոյանի ընկերը `Վանաձորի պատվավոր քաղաքացի Հայկ Օհանյանը խոսեց նրա մարդկային նկարագրի շուրջ: Հայկ Օհանյանը նշեց, որ Պերճ Սողոյանը գիտակցաբար էր ընտրել իրավապահ մարմնի պատասխանատու աշխատանքը, որը և պատվով կատարեց. <<Պերճ Թադևոսիչը մեծ աշխատանք է կատարել հասարակական կարգի պահպանման, իրավախախտումների դեմ: Այսօր քաղաքում նրան պատվով են հիշում` որպես քաղաքի նվիրյալի>>:
Վանաձորի վետերանների խորհրդի նախկին նախագահ, պաշտոնաթող գնդապետ Արտեմ Մանուչարյանը ևս հիշողություններով կիսվեց ներկաների հետ: Հուշատախտակի հեղինակ Էդվարդ Բոջուկյանը, ում բախտ է վիճակվել ճանաչել Պերճ Սողոյանին, խոսեց մեդալի տեսք ունեցող հուշատախտակի ստեղծման մասին:
Պերճ Սողոյանը նվիրված է եղել հայրենիքին, ընտանիքին, մեծ ավանդ ունի ինչպես երեխաների, այնպես էլ թոռների ու ծոռների դաստիարակության գործում: Թոռը` Ասատուր Սողոյանը ասաց, որ առիթը բաց չեն թողել, որպեսզի հետաքրքիր ժամանակ անցկացնեն պապի հետ, ումից դեռ այնքան բան ունեին սովորելու: Նա շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Սամվել Դարբինյանին,ավագանու անդամներին, վետերանների խորհրդի անդամներին և բոլոր նրանց, ովքեր հավանություն տվեցին հուշատախտակի տեղադրման գաղափարին, որի բացումը հանդիսավոր կերպով նշվեց:
Անի Սողոյանը` Պերճ Սողոյանի ծոռնուհին, ով պատրաստվում է ընտրել դատավորի մասնագիտությունը, մեծ հպարտությամբ է նշում պապի մասնագիտությանը մոտ գանգնելու փաստի մասին:
Պերճ Սողոյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման պատիվը տրվեց ծոռներին` Սամվել և Անի Սողոյաններին: Ավագ սերունդը հիշում է և հպարտանում,
երիտասարդ սերունդը ճանաչում է, լսում և հպարտանում, եկող սերունդը ևս պետք է ճանաչի ու հպարտանա:
Հեղինակ Անի Աղաջանյան
Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի

1 comment:

  1. https://www.youtube.com/watch?v=5vqqqN23bkw&feature=youtu.be
    տեսանյութը

    ReplyDelete