Երեկ առավոտյան Վանաձորում ապրող Ստեփանյանների ընտանիքն արթնացել է անսովոր աղմուկից: 56-ամյա Ժորա Ստեփանյանը մտնելով պատշգամբ՝ տեսել է, թե ինչպես են ագռավներն ուտում նախօրեին թխած հացը: «Իրիկունը հաց թխեցի, ուշ էր, ասի՝ թող հովանա, առավոտյան տեսնեմ 5 ագռավ տուն են մտել ու ամենքը մի հացը մասնատել: Պատուհանն էլ երեւի քամին է բացել, գիշերը ուժեղ քամի էր»,- պատմում է Ժորա Ստեփանյանը:
Եթե ծիծեռնակ կամ ճնճղուկ մտներ տուն՝ բնակիչները այդքան չէին անհանգստանա: Պակաս վրդովված ու անհանգստացած չեն նաեւ Ստեփանյանների հարեւանները: Արդեն մտածում են՝ ամառը պատուհան բացել չի լինի: Ագռավները տարեցտարի շատանում են, ծտերն էլ վերանում են՝ մտահոգվում է խորհրդային տարիներին Վանաձորի ձեռնարկությունների բուսաբան Վլադիմիր Մաթեւոսյանը: «Ծիտը գնում է ծառի ու ծաղկի վրա, բայց քանի տարի է՝ ծաղկած ծառ էլ չենք տեսնում, դեռ բողբոջած՝ անունն էտ են դնում, մինչեւ քոքը կտրում: Այսպես որ շարունակվի, Վանաձորի անունը կփոխվի, Ագռավաձոր կդառնա»,- ասում է 84-ամյա բուսաբանը:
Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ-տնտեսության եւ բարեկարգման բաժինը նախ ցնցվեց լուրից, ապա տեղեկացրեց, որ ագռավների դեմ պայքարը կոմունալ բաժնի գործը չէ: Լոռու մարզային որսորդմիությունից էլ հանգստացնում են՝ ագռավը վախկոտ, անվնաս թռչուն է մարդկանց համար:
Մինչ այլայլված բնակիչները փորձում էին հասկանալ ում դիմել, շենքի բակից բարձր հայհոյանքը բոլորի ուշադրությունը գրավեց: Պարզվեց, այս անգամ ագռավը ծրտել էր բնակչի գլխին: Եթե հավատանք ժողովրդական առածին, թե ծտի ծերտը բախտավորություն եւ հաջողություն է, դժվար չէ ենթադրել, թե ագռավի օգնությամբ «բախտավորված» ու միաժամանակ ագռավներից հոգնած վանաձորցու համար ինչը կլինի երջանկություն ու բախտ:
ՆԵԼԼԻ ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարները՝ ԼԻԼԻԹ ՅՈԼՉՅԱՆԻ
No comments:
Post a Comment