Tuesday, May 26, 2015

Հրաժեշտ առաջին ուսուցչուհուն





Հրաժեշտ առաջին ուսուցչուհուն խորագրով Վանաձորի Պուշկինի անվան համար 4 հիմնական դպրոցի 4-ր-րդ Բ  դասարանի աշակերտները հրաժեշտ տվեցին տարրական դպրոցին և առաջին ուսուցչուհուն` Անահիտ Քոչարյանին:
Աշակերտները գեղեցիկ ողջույնով ազդարարեցին հրաժեշտին նվիրված ցերեկույթի սկիզբը: Դահլիճը բազմամարդ էր, հրավիրված ուսուցիչներ, ծնողներ, բարձր դասարացիներ, սակայն դա ամենևին էլ չէր ընկճում չորրորդցիներին և նրանք անկաշկանդ ներկայացնում էին  4 տարվա ընթացքում ամբարած իրենց գիտելիքները:




Ցերեկույթի համար նախատեսված ծրագիրն ամբողջությամբ հեղինակել էր դասվար Անահիտ Քոչարյանը: Երեխաներն արտասանում էին նաև իրենց սիրելի ուսուցչուհու ստեղծագործությունները: Դահլիճում թևածում էր սերը, սեր՝ հայրենիքի ու հայրենի քաղաքի, սեր՝ հարազատ դպրոցի, ծնողների ու ընկերների և իհարկե սեր` ուսուցիչների նկատմամբ:

Միջոցառման ընթացքում եղավ բեմականացում, որի հերոսներից մեկը մի առիթով չարանում ու որոշում է վատ արարք կատարել: Բայց ընկերներն իրենց լավ վերաբերմունքով ու բարյացակամությամբ փրկում են տղային չարագործությունից: Նա հասկանում է, որ սխալ է եղել իր ընկերների նկատմամբ: Եւ բարեկամությունն այդ ամրապնդվում է մի կտոր հացի շուրջ, քանի որ ինչպես ասում են չպետք է վատություն անել նրան ում հետ մի կտոր հաց ես կիսել:

Աշակերտները հանդես եկան նաև պարային գեղեցիկ համարներով, որի անթերի կատարման համար, նրաց հետ աշխատել էր դպրոցական միջոցառումների մշտական աջակից Ժաննա Ներսիսյանը:


Միջոցառման հիմքում ընկած էր նաև այն գաղափարը, ըստ որի, եթե մայրը ծնում ու սնում է երեխային, ապա ուսուցչուհին էլ ծնունդ է տալիս նոր-գրագետ մարդու և սնում նրան գիտելիքով: Հնչեց նաև երգ նվիրված մորը, որի հնչյունների ներքո աշակերտները վարդեր բաժանեցին դահլիճում գտնվող բոլոր մայրերին ու ուսուցիչներին:

Դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը իր խոսքում նկատեց, որ ցանկացած դպրոցական միջոցառում հաջողցված է, եթե կա ծնողների աջակցությունն ու ներդրումը: Իսկ իր դպրոցում ծնողական համայքնի ուժը միշտ է զգացվում: Ինչի համար նա ուսուցչին և աշակերտներին շնոհալակալություն հայտնելուց բացի՝ շնորհակալ եղավ նաև ծնողներին:


Ծնողները ևս ասելիք ունեին, նրանք  իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին ուսուցչուհուն և շնորհակալություն հայտնեցին նրան՝ իրենց երեխաների նկատմամբ տածած հոգատար վերաբերմունքի և այս տարիների ընթացքում տված գիտելիքի համար:

Միջոցառումն ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ, որը ուրախ տրամադրություն հաղորդեց բոլոր ներկաներին:
                                                       











Հեղ. Արմինե Մկրտումյան
Լուսանկարները ՝  Լիլիթ Յոլչյանի


No comments:

Post a Comment