«Մանկության առաջին էջը»
Հուլիսի 17-ին Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի ավագ «Ա» խումբը սիրով ու հուզմունքով հրաժեշտ տվեց իր հարազատ մանկապարտեզին։ Այդ օրը փակվեց մանկության ամենագեղեցիկ էջերից մեկը և բացվեց նոր ճանապարհ՝ դեպի դպրոցական կյանք։ Միջոցառումը կրում էր խորհրդանշական «Մանկության առաջին էջը» խորագիրը։
Երեք տարի շարունակ խմբի դաստիարակ Հասմիկ Խարաջյանը սիրով, հոգատարությամբ և անսահման նվիրումով երեխաներին փոխանցել է ոչ միայն գիտելիքներ, այլև մարդկային ամենաթանկ արժեքները՝ սեր, բարություն, ընկերասիրություն և ջերմություն։ Այդ տարիների համատեղ աշխատանքի գեղեցիկ ամփոփումն էր այսօրվա հրաշալի միջոցառումը, որն արժանացավ բոլոր ներկաների բարձր գնահատանքին և ջերմ ծափողջույններին։
Ինչպես միշտ, երաժշտական դաստիարակ ընկեր Լիանան իր մասնագիտական վարպետությամբ գերազանցեց բոլորի սպասելիքները։ Փոքրիկների գեղեցիկ երգն ու պարը, վստահ և անկաշկանդ ելույթները վկայում էին նրանց հետ կատարված մեծ ու նվիրված աշխատանքի մասին։ Յուրաքանչյուր կատարում լցված էր մանկական անկեղծությամբ և անսահման սիրով։
Այս օրը հատկապես հուզիչ էր նաև մանկապարտեզի տնօրեն Քրիստինե Մարգարյանի համար, քանի որ ավագ «Ա» խմբի շրջանավարտների թվում էր նաև իր դուստրը։ Տիկին Մարգարյանը սրտանց շնորհավորեց փոքրիկ աստղերին՝ մաղթելով նրանց լուսավոր ու հաջողություններով լի դպրոցական տարիներ։ Նա իր երախտագիտությունը հայտնեց խմբի դաստիարակ Հասմիկ Խարաջյանին, երաժշտական դաստիարակ ընկեր Լիանային և խմբի հոգատար ու նվիրված դաստիարակի օգնական Մելան Գասպարյանին՝ երեխաների հանդեպ ցուցաբերած սիրո, համբերության և պատասխանատու աշխատանքի համար։
Առանձնահատուկ շնորհակալության խոսքեր հնչեցին նաև ծնողներին, ովքեր իրենց ամենաթանկ գանձն էին վստահել Վանաձորի թիվ 11 մանկապարտեզին և այս տարիների ընթացքում եղել էին մանկապարտեզի հավատարիմ գործընկերները։
Ավարտական վինետկաների հանձնման հանդիսավոր արարողությունից հետո փոքրիկները երկինք բաց թողեցին գունեղ փուչիկներ՝ իրենց հետ տանելով ամենանվիրական երազանքներն ու մանկական անկեղծ ցանկությունները։ Իսկ այդ պահին բոլորի սրտերում մեկ ընդհանուր երազանք կար՝ խաղաղ և ապահով հայրենիք, որտեղ երեխաները կաճեն երջանիկ, անհոգ ու ժպտադեմ։
Բարի՛ ճանապարհ, սիրելի՛ ավագ «Ա» խմբի փոքրիկներ։ Թող ձեր կյանքի յուրաքանչյուր նոր էջը լցված լինի գիտելիքներով, գեղեցիկ ձեռքբերումներով, նոր ընկերություններով ու մեծ հաղթանակներով։
No comments:
Post a Comment