Thursday, January 19, 2023

Նրանք  քնեցին  երազելով

Մեկն այս գիշեր քնեց, մորն ամուր գրկելով ու ասելով, Չմտածես, բան չմնաց շուտով տանը կլինեմ, այ կտեսնես...Մա՜մ...




Մեկն այս գիշեր քնեց,
սիրած աղջկան ասելով որ գամ մեծ ու ճոխ հարսանիք կանենք...դու միայն դիմացիր...
Մեկը քնեց Աղոթքը շուրթերին ու հավատը սրտում, որ անպայման մի օր տուն կգնա...
Որ կգրկի... որ կասի... որ կպատմի...
Որ կսիրի...
Մեկը քնեց դառնացած այս աշխարհի ծուռ լինելուց... սուտ լինելուց... կեղծ լինելուց... լինելուց...
Մեկը քնեց, բայց երազեց, որ հենց տուն հասնի, անպայման՜, անպայման գրկելու է Մորն ու ասի , որ Շնորհակալ է, որ հենց ինքն է իր մայրը...
Մեկը քնեց ու այդպես էլ չհասցրեց զանգի տուն, ու մտածեց լավ .«առավոտյան կզանգեմ », իսկ առավոտն այդպես էլ չեկավ...
Մեկը քնեց հիշելով մանկության տաք հացը, գյուղի ընկերներին ու պապուն, որի հետ ձեռք-ձեռքի տված շրջել էին ողջ գյուղը...
Մեկը քնեց, այդպես էլ չհասկանալով, թե ինչու է մեկին տրված ապրել ազատ ու անհոգ, իսկ իրեն այս փոքրիկ հողակտորը, որն անընդհատ ուզում են խլել... ու որն անընդհատ կյանքեր էր խլում...
Մեկը քնեց, բայց աչքերի առջև Հայրն էր` հիվանդ , բայց հավատով, որ որդին շուտով տանը կլինի...
ՈՐԴԻՆ ՇՈւՏՈՎ ՏԱՆԸ ԿԼԻՆԻ...
Մեկը քնեց... ու երազում տանն էր... մայրը սեղան էր բացում, իսկ հայրը «հորովել» էր երգում...
Մեկը օրացույցի վրա ջնջեց հունվարի 18-ը ու շուտ քնեց, որ օրերը շուտ անցնեն... որ տուն գնա...
Որ հասնի... որ գրկի... որ ասի....
Մեկը քնեց արցունքն աչքերին...
Բայց հանկարծ ամաչեց, որ արդեն տղամարդ է ու լաց է լինում... Հիշեց, որ հայրն ասում էր.«Տղամարդը երբեք պիտի լաց չլինի...»
Մաքրեց աչքերն ու քնեց...
Մեկը քնեց....
Ուղղակի քնեց....
Ու երբեք չիմացավ... որ առավոտը չի գալու...
Էլ երբեք չի գալու...
19.01.2023
Հեղ. Նունե Հակոբյան

No comments:

Post a Comment