Sunday, January 30, 2022

 Կյանք արժեցող խաղաղություն

Կյանքը շտապեց... Ինչքան է սիրում շտապել... ստեղծում է ու չթողնելով վայելել, միանգամից տանում է վեր, ամպերից էլ վեր՝ դեպի անմահություն։ Երկու տարի առաջ մեր դեմքին անկեղծ ժպիտ կար, մեր աչքերում ցավ չկար, մեր սրտերում հավատ կար... հավատ կար անգամ ողջ պատերազմի ընթացքում։ Մինչ պատերազմը` տարված առօրյա հոգսով, հեռուստացույցի դիմաց նստում էինք միայն եղանակի տեսությունը իմանալու համար։ Ոչ ոք չէր հավատում, որ մեկ րոպեի ընթացքում ամեն ինչ գլխիվայր շուռ կգա. ժպիտը կանհետանա, ցավը կպատի մեր հոգիներին, իսկ հույսը կմարի։

Մեկ կրակոց, մեկ պայթ
յուն և անջնջելի թանաքով գրվեցին հազարավոր կյանքերի ավարտի մասին։ Դպրոցում հայոց լեզու առարկան դասավանդող ուսուցչիս միշտ ասում էինք՝ ընդամենը մեկ րոպե է մնացել, միևնույնն է ոչինչ չենք կարողանալու անել։ Նա ժպտում էր ու պատասխանում. -Էրեխե՛ք, գիտե՞ք,որ այդ մեկ րոպեն շատ կարևոր է։ Ինչքա՜ն մարդիկ են ծնվում այդ մեկ րոպեում, ինչքա՜ն մարդիկ են երկնային կյանքին հրաժեշտ տալիս ու ինչքա՜ն վճռորոշ որոշումներ են ընդունվում այդ մեկ րոպեի ընթացքում։ Չէինք գիտակցում այս խոսքերի արժեքն ու կարևորությունը մինչև... Հիմա ենք հասկանում, որ այս կյանքում ոչ միայն մեկ րոպեն, այլև մեկ վայրկյանն է թանկ ու կարևոր։ Իսկ դա գնահատելու արվեստին տիրապետելու գլխավոր ուսուցիչը հանդիսացավ 21֊րդ դարի ոճրագործությունը... Պատերազմ էր... 44 օր շարունակ, շունչներս պահած, դարձյալ հետևում էինք հեռուստացույցից մեզ հաղորդվող լուրերին՝ հավատալով, որ ամեն ինչ լավ է լինելու, որ հաղթելու ենք... Այս պատերազմը խլեց հազարավոր կյանքեր, հազարավոր մայրերի որդեկորույս
սարքեց, հազարավոր սերերի զրկեց ընտանիք կազմելու ու ընտանեկան համերաշխություն, ջերմություն զգալու բերկրանքից... Պատերազմ,որը որբացրեց մի ողջ հայրենիքի, մի ողջ ժողովրդի։
Այդ կորուստը դաս է, որը սովորեցրեց այն, ինչը մեզ չէր կարող սովորեցնել դպրոցը։ Այն սովորեցրեց թանկ բառերի կարևորությունը ճիշտ գնահատելու կարողությունը։ Մենք գուցե գիտեինք, որ բաժանումը ծանր է, բայց այժմ իմացանք, որ ռազմի ճակատ մեկնելուց առաջ գրկախառնություննեը ամենաջերմն են ու գուցե վերջինը... Գուցե ուշացած, բայց հասկացանք դա, իսկ այն, թե ինչու եղավ այս ամենը` այդպես էլ մեզ չսովորեցրին հասկանալ ու դեռ չենք հասկացել։ Մեզ չտվեցին բացատրություններ, ու մենք չկարողացանք այս ահասարսուռ պատերազմը մարսել ու շարունակել ապրել։ Հազարավոր զինվորներ իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, որտեղ ամեն ինչ ծանր ու կշիռ են անում։ Այս անգամ, սակայն, կշեռքի մի նժարի վրա ՀԱՅՐԵՆԻՔն էր, մյուսի վրա՝ ՊԱՇՏՈՆՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Ու նրանք այդպես էլ չհասկացան՝ ծառայեցին հայոց աշխարհին, թե՞ օգնեցին ինչ֊որ խեղկատակի ծրագիրն իրականացնելուն։ Եվ այո՛, երանի նրանց, ովքեր չտեսան այս արհավիրքը ու երանի նրանց, որ չզգացին կորստի դառը համը, կարոտի հավերժական զգացումը ու չիմացան, որ իրենց թիկունքից դավաճանեցին, որ իրենք զոհվեցին անմիտ քայլերի ու շահի համար երկրին ծառայող 《գերագույն հրամանատար》֊ի 《հայրենանվեր》 աշխատանքի պատճառով...

ՄԻԼԵՆԱ ԽՈՐԵՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ

No comments:

Post a Comment