"Միջնադարյան Հայաստանի հոյակերտ վանական համալիրներից մեկը՝ Նորավանքը, հաճախ անվանում են նաեւ Ամաղուի Նորավանք, քանի որ այն մոտ է գտնվում Ամաղու գյուղին: Այն ունի իր ուրույն ու չափազանց տպավորիչ ճարտարապետական ոճը, որը դժվար է շփոթել որեւէ այլ համալիրի հետ։ Նորավանքը գտնվում է կարմիր հրեղեն ժայռերի կիրճում, որն էլ ավելի է ընդգծում նրա եզակի գեղեցկությունը։ Նորավանքը հիմանդրվել է դեռեւս 9-րդ դարում, հիմնականում վերակառուցվել՝ 13-14-րդ դարերում։ Նորավանք վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) դամբարան- եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան արեւմուտքից կից գավթից, Սբ․ Գրիգոր եկեղեցուց (Ստեփանոս Օրբելյանի դամբարան), միջնադարյան մատուռների եւ շինությունների մնացորդներից, նորակառույց վանատնից։ Հարուստ քանդակագործության, բացառիկ խաչքարերի, մեծաքանակ ու արժեքավոր վիմագրության շնորհիվ՝ Նորավանքը համարվում է մշակութային բացառիկ ժառանգություն: "
Նորավանքը եղել է ժամանակի խոշոր մշակութային, կրթական ու գրչության կենտրոն՝ սերտորեն կապված լինելով Գլաձորի համալսարանի եւ Տաթեւի վանքի հետ:
Սբ․ Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցու հարավային կողմում պահպանվել է հայտնի մանրանկարիչ, ճարտարապետ եւ քանդակագործ Մոմիկի խաչքար- մահարձանը։
Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավթի մուտքից վեր գտնվում է լուսամուտը պսակող քանդակ, որի կենտրոնում ներկայացված է Հայր Աստծո խոշոր պատկերը, մի բան, որը հայ միջնադարյան քանդակագործության մեջ բացառիկ է։
Սուրբ Գրիգոր մատուռ-տապանատունը կառուցվել է 1275 թվականին։ Կառուցել է Սիրանես ճարտարապետը։ Այստեղ թաղված են Օրբելյան իշխանական ընտանիքի տասը անդամներ։
Նորավանքի հիմնադրման պատմության միակ եւ անփոխարինելի սկզբնաղբյուրը Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Նահանգին Սիսական» աշխատությունն է, որը գրվել է հենց Նորավանքում։"
No comments:
Post a Comment