Ապրիլի 17-ին Գուգարաց թեմի ՙՆարեկացի՚ եկեղեցասեր երիտասարդաց միությունը, թեմակալ առաջնորդ գերաշնորհ տեր
Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ և առաջնորդությամբ, արդեն ավանդույթ դարձած ուխտանացություն էր կազմակերպել դեպի Օձուն` հանդիսությամբ նշելու
Սուրբ Հովհան Օձնեցի կաթողիկոսի ննջման 1283-ամյակը:

Այս տարի Սուրբ հայրապետի ննջման օրվան համընկավ նաև Ծաղկազարդը: Եվ թեմի մի շարք բնակավայրերից Եկեղեցասեր երիտասարդաց միության նախաձեռնությամբ շուրջ հինգ հարյուր ուխտավորներ մեկնեցին Օձուն: Երիտասարդները նախ մասնակցեցին Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ պատարագին, որ մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:
Պատարագից հետո կատարվեց մանուկների օրհնության կարգ:
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, օրհնանքի խոսք հղելով ուխտավորներին, նշեց, որ անչափ ուրախալի է, որ այսօր կարողանում ենք միասնական ուխտի դուրս գալ` պահելով մեր ավանդույթներն ու արժևորելով մեր անցյալը:
Ապա ուխտավորները ներկա գտնվեցին եկեղեցու զանգերի օծմանը, որ եկեղեցուն էր նվիրաբերվել ՙՎալեքս՚ խմբի ընկերությունների ղեկավար Վալերի Մեջլումյանի կողմից: Օծվեցին նաև նկարիչներ Լեմս Ներսիսյանի և Սերգեյ Սավադյանի` եկեղեցուն նվիրաբերած Սուրբ Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի նկարները:


Օծման արարողությունից հետո ներկաները ունկնդրեցին Օձունի դպրոցականների կազմակերպած փոքրիկ համերգը, ճաշակեցին գյուղապետարանի կողմից մատուցված ավանդական մատաղը:

Հետայնու ուխտավորները մեկնեցին Արդվի, ուր ամփոփված է Սուրբ Հովհան Օձնեցու աճյունը: Կատարվեց երկրպագություն Սուրբի շիրիմին, ուր հայրաբար օրհնեց ու քարոզեց թեմակալ առաջնորդը:


Վանաձորից մեկնած երեք փոխադրամիջոցներ տրամադրել էր Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու խաչքավոր, ԱԺ պատգամավոր
Կարեն Սարիբեկյանը: Իսկ ամենաուրախալին այն էր, որ որոշ բուհեր ու երիտասարդական խմբեր ուխտի էին ելել սեփական միջոցներով, ինչն արդեն վկայում է ուխտի ելած երիտասարդների հոգևոր ու հայրենասիրական դաստիարակության մասին:


No comments:
Post a Comment