ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ ՎԵՐԱՕԾՎԵՑ ԹՎՈՎ 50-ՐԴ ԵԿԵՂԵՑԻՆ՝
Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի 7.09.2019 |
ԼԵՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒՐԲ ԿԱՐՄԻՐ ԿԻՐԱԿԻ ԵԿԵՂԵՑԻՆ
Թեմակալ առաջնորդի խնդրանքին ընդառաջեցին լոսանջելեսաբնակ պոլսահայեր Սարգիս և Ալիս Սեթյանները, Սարո և Մանուշակ Մարուքյանները, Րաֆֆի և Էրլին Մարուքյանները, Կարո և Աղավնի Գուրյանները, Պետրոս և Աննա Օրունճագճըէլը, Թամարա Նիզամյանը և L.A. United Investment-ը ստանձնեցին եկեղեցու տանիքի, ինչպես նաև եկեղեցու ներքին և արտաքին վերանորոգման, կահավորման և տարածքի բարեկարգման ամբողջական բարերարությունը: Նախագծող ճարտարապետ՝ Սուրեն Աբովյան: Վերանորոգման աշխատանքները Սրբազան Հոր նախաձեռնությամբ իրականացվել են անհատ շինարար-վարպետների միջոցով:
Եկեղեցու վերաօծման արարողության ավարտին Սրբազան Հայրը օրհնեց ներկաներին, գնահատանքի, օրհնության և երախտիքի խոսք ասաց պոլսահայ բարերարներին՝ ի մասնավորի Կարո Գուրյանին, ով Լոս Անջելեսից ժամանել էր և ներկա էր արարողությանը:
Սրբազանը իր երախտիքի խոսքն ասաց նաև պոլսահայ Մկրտիչ Սերթշիմշեքին, ով եկեղեցուն նվիրաբերել էր սպասքեղեն: Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանին ևս Սրբազանը գնահատանքի խոսքեր հղեց, ով համայնքի կողմից նվիրաբերել էր եկեղեցու դուռը և իր անունից նվիրաբերել Սուրբ Հովնան Օձնեցի Հայրապետի մեծադիր նկարը:
Արարողության ավարտին ներկաներին մատուցվեց ուխտի մատաղ և հյուրասիրություն ուխտավորների համար:
Ուխտեք և Ձեր ուխտը Աստծո առաջ թող ընդունելի լինի: